ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեր ազգային արժույթի հետ ոչ ոք իրավունք չունի խաղեր տալու

Մեր ազգային արժույթի հետ ոչ ոք իրավունք չունի խաղեր տալու
25.11.2008 | 00:00

ԿԱՐՃ, ԲԱՅՑ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՃԱՆԱՊԱՐՀ
Շատ էլ հայտնի չէ, ավելի ճիշտ, ելնելով մեր կենցաղի «նրբերանգներից», կարելի է ենթադրել, թե սովորական քաղաքացին անցած շաբաթ օրն ինչ զգացումներով «տոնեց» ՀՀ ազգային դրամի թողարկման 15-րդ տարեդարձը…
Օրը, պարզվեց, նաև բանկային աշխատողինն էր կամ սեղանավորինը, ինչպես հայերն են ժամանակին կոչել «բանկիրներին», և քանի որ ԿԲ-ի հարևանությամբ տեղադրվեց նաև քանդակագործ Էդուարդ Շաղիկյանի ձեռքի գործը` դրամի հուշարձանը, մի քիչ ոնց որ թե իսկապես տոնական ստացվեց: Չնայած, մեր քաղաքացիներին ո՞նց գիտեք. հերթական անգամ սև հումոր արին, թե` բա ի՞նչ, որ գրպաններս էսպես դատարկ լինի, ապրելու հնար չունենանք, չեղա՞վ, որ «դրամի քարը դրինք»:
Ամեն ինչ մի կողմ, բայց իսկապես պիտի խոստովանենք, որ մեր ազգային արժույթը 1993-ի բավականին ծանր պայմաններում ծնունդ առավ և, իրոք մեր անկախությունը հաստատելու, ղարաբաղյան հաղթանակն ամրագրելու համազգային քաղաքական-հոգեկան-սոցիալ-տնտեսական բոլոր դժվարություններին դիմակայելու ամուր կամքի ապացույցը եղավ: Չնայած համընդհանուր ոգևորությանը` նախկին ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ հիմնականում ռուսականով վաուչեր ծախող և (այսօրվա պես հիշում եմ) ոնց որ թե 25 դրամ դառած նախկին 2000 ռուբլով ընդամենը մի կտոր օճառ առնող մեր քաղաքացիներից ոչ ոք հույս չուներ, թե մեր ազգային արժույթը կկայանա։ Հետևաբար, նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը, իհարկե, կարող են «հպարտանալ» (լավ է, գոնե էդ հպարտության առիթն իրենց պարգևած «նախորդ հանցագործ ռեժիմի» ներկայացուցիչ, «դրամի վրա ստորագրած» Լևոն Բարխուդարյանին էին հիշել, թե չէ` վերջին 10 տարիներին մեր պատմությունն այնպես «սրբագրվեց», որ Շուշիի առում լինի, թե ազգային արժույթ` Քոչարյանն ու Սարգսյանն ամեն տեղ կան, ամեն բան իրենք են արել, մյուսները` չիք…), և լավ է, որ հպարտացան: Տեղ ունենք հպարտանալու, ինչպես ասում են, և ահա այդ պատճառով մենք էլ մեր հերթին ենք անկեղծորեն շնորհավորում բոլորին: Կոնկրետ ինձ համար մեր դրամը ոչ միայն մոմի լույսի տակ անցկացրած համալսարանական տարիների համար վճարվող կրթաթոշակ էր, այլև այդ անհաց, բայց շատ երջանիկ տարիներին համալսարանի ճաշարանից հաց ձեռք բերելու վճարամիջոց ու անսահման ուրախ կատակների առիթ, թե` «կուպեց ենք, է, կուպեց. հիմա նույնիսկ տղամարդիկ չեն կարողանում հաց գտնել, իսկ մե՞նք»: Այդ տարի ես մեր կուրսի ավագն էի, և երբ առաջին անգամ ժամերով հերթ կանգնելուց հետո ու համալսարանի մեր «կասիր Անիկ տոտային աչքով-ունքով» անելուց հետո` մեր ազգային արժույթով (մի ահագին էլ լումա էին տվել, ի միջի այլոց) կրթաթոշակները վերջապես ուշ գիշերով ստացա, որ հաջորդ օրը բաժանեմ, սարսափեցի. բա որ հիմա գողանա՞ն, բա որ հետևա՞ծ լինեն: Եվ միևնույն է, դա ինձ չէր խանգարում ժամանակ առ ժամանակ թղթադրամները հանել ու հոտ քաշել, որովհետև ինձ թվում էր` տարօրինակ-անսովոր բույրով էին բուրում ու շատ գեղեցիկ էի: Էդ գիշեր քիչ մնաց տոպրակը գլխիս տակ դրած քնեմ:
Ասածս ի՞նչ է։ Իսկապես, ինչպես վարչապետը նշեց, մեր դրամն առաջին հայացքից «կարճ, բայց շատ բովանդակալից ճանապարհ անցավ»: Հետևաբար, հենց դրանից ելնելով, մենք ոչ մի իրավունք չունենք այս ոլորտում տարատեսակ «ժուլիկություններ անելու, դոլար-դրամ խաղիկների մեջ մտնելու», ինչին, ցավոք, մի անգամ չէ, որ ականատես եղանք: Ավելին, ինչպես ՌԴ հայազգի ակադեմիկոս Աղանբեկյանը նշեց, մենք նաև իրավունք չունենք «մեր ազգային արժույթը չափից ավելի արժևորելու, ինչը պատճառ դարձավ տնտեսական պրոցեսների անոմալիայի և, մասնավորապես, ադամանդագործության անկման»: Ինչի՞ միայն ադամանդագործության. բուն տնտեսության-արտադրության և արտահանման «հերն անիծվեց» ԿԲ-ի «տարօրինակ-լողացող քաղաքականության» արդյունքում (էն էլ շա՜տ զարմանալի քաղաքականության, որովհետև, օրինակ, ակնհայտ է, որ ինչքան երկիրը շատ է ներմուծում, էնքան դրամն ավելի է արժեզրկվում, մի բան, որ մեր դեպքում բոլորովին հակառակ ձևով է ընթանում` ներմուծելը ներմուծում ենք 4-5 անգամ շատ, բայց դրամը տեղից «չի շարժվում»…), ինչից միայն որոշ մոնոպոլիստ օլիգարխներ շահեցին` կրկնակի շահույթներ ստանալով: Տարատեսակ լֆիկներ, ովքեր չեն խորշում 50 տարվա մոտ 60-70 ծառերը գիշերով կտրելուց, իբր` բնակիչները դրանք ջրում էին, էդ ջուրն էլ գնում իրենց «լուսաստղերի տակ անցնելով` շաքարավազի պարկերն էր թրջում»: Թե ինչ ասես էդ դեպքում լռող թաղապետին ու կառավարությանը, չգիտեմ, բայց գիտեմ, որ ավելի «կարևոր բաներում» էլ նրանք առանձնապես ուշադիր չեն:
Օրինակ` նույն դրամի հարցում որոշվել է, որ դրա փոխարժեքը 2009-ի բյուջեում պիտի սահմանվի 1 դոլար=302,4 դրամ հարաբերությամբ: Ասել կուզի` դրամը կպահպանի հիմնականում ներկայիս փոխարժեքը: Սուտ, էլի մեծ սուտ, և որպեսզի ապացուցենք դա, շատ էլ հեռու անցյալ չգնանք. վերցնենք, օրինակ, 2007-ի հունվարի 1-ի տվյալները նայենք և կտեսնենք, որ 1 դոլար=363,5 դրամ սահմանված փոխարժեքն այդ տարի ուղղակի չպահպանվեց. դրամը շարունակեց արժևորվել ու արժևորվել` արդեն դեկտեմբերին հասնելով 304,22 դրամ=1 դոլար հարաբերակցության:
Ճիշտ է, այս տարի առաջին անգամ, ինչպես ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն էր նշել, «մենք ոնց որ թե դրամի արժեզրկման միտումներ էլ արձանագրեցինք խառը քաղաքական վիճակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում», բայց ոնց որ թե հետո ամրագրեցինք, որ երկիր ունենք` աշխարհը չունի, տնտեսություն ունենք` մարտի 1-ից էլ չի ազդվում, դրամ ունենք` քարը կծակի-նորից կարժևորվի:
Զրուցելով փորձագետների հետ` գլխի ընկանք, որ այս թեմայով չարժե շատ ոգևորվել, որովհետև մեր երկրում այլևս ոչ մի տրամաբանություն չի գործում: Դրա առաջին ապացույցը, ինչպես վերևում նշեցինք, շատ ներմուծելն ու միևնույն է` դրամի արժևորվելն է, որ հակառակը պիտի լիներ, երկրորդն էլ այն է, որ մեր ԿԲ-ն, Տիգրան Սարգսյանի տերմինաբանությամբ ասած, այնպիսի մի զարմանալի «գործիքակազմ ունի իր տրամադրության տակ», որ ինչ էլ լինի` «կոշտ դրամավարկային քաղաքականության կանցնի ու մեր դրամի կապերն էնպես կձգի, որ էլ դու սուս»: Ուրեմն, ի՞նչն է խանգարում, որ հաջորդ տարի էլ նույն կերպ վարվի:
Հա, բայց, չնայած դրան, ԿԲ-ն ոնց որ թե էս անգամ չի հաջողելու, որովհետև բոլոր տվյալներից ելնելով` մասնավոր տրանսֆերտները, օրինակ, էնքան են նվազելու, որ էլ հնարավոր չի լինելու ասել` «մի քանի անգամ ավելացած տրանսֆերտները, որ ծածկեցին նույնիսկ ներմուծման նպատակով ՀՀ-ից դուրս եկած փողի ծավալները, որոշակի գործոն հանդիսացան ՀՀ արժույթի ամրապնդման համար»: Դա էլ մի կողմ դնենք` դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ի դաշնային ծառայությունը «ինչ մոտեցում կորդեգրի իր տրամադրության տակ եղող դոլարի նկատմամբ», այլ կերպ ասած` կավելացնի՞ աշխարհում դրանց շրջանառությունը, թե՞ հակառակը, բայց արդեն իսկ պարզ է, որ ինչ էլ լինի, միևնույն է, 2009-ին մեր դրամի արժեզրկման հավանականությունը շատ ավելի մեծ է լինելու, քան կար նախորդ տարիներին:
Էնպես որ, կապրենք-կտեսնենք: Բայց որ, ով էլ լինի, այսքան ծանր ու հպարտ ճանապարհ անցած մեր ազգային արժույթի հետ իրավունք չունի խաղեր տալու, այ, դա արդեն անկասկած է: Այս հարցում մենք մեր կարծիքը չենք փոխում…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9331

Մեկնաբանություններ